Вы читаете журнал [info]amiga_ga


Երկուշաբթի առաջին անգամ կյանքիս մեջ գնացել եմ ԱԺ` նիստը լուսաբանելու: Շենք մտած-չմտած էս ոստիկանը կպավ, թե վերնազգեստը պետք է հանել, թողնել հանդերձարանում: Գրիշան մինչեւ գնաց-հանեց, ես էս ոստիկանին մի լավ հակաճառեցի. ասում է` մեր ռեժիմն է, պիտի հանվեք: Դե արի ու մի ասա: Չհանեցի, իհարկե:

Պարզվեց լրագրողների համար սենյակում ջեռուցումը նոր-նոր էին ուզում միացնել ու եթե ցուրտ էլ չէր, տաք էլ հաստատ չէր: Էդ օրը չգրեցի:

Հիմա էսօր գնացել էինք ԲՀԿ համագումարին: Մարզահամերգայինում ոչ մեկին վերնազգեստով ներս չէին թողնում`չէ որ չէ, պիտի հանեք, նոր մտնեք: Հանեցինք: Դե երեւի Ծառուկյանը մի քիչ կնեղվեր որ մարդիկ վերնազգեստներով լինեին` իրեն հոտնկայս ցափահարելու ժամանակ:

Դե հիմա մարդ ես... Բայց դե գոնե էդ տենց մեծճմեծ պահանջներ ներկայացնելու դեպքում գոնե դահլիճը տաքացնեին: Ցուրտ-սառնամանիք էր, ձեռքերս սառել էին, մատներս` կպել իրար:

Հիմա ինձ ո՞վ կբացատրի, թե ինչ տրամաբանությամբ են պահանջում վերնազգեստը հանել: Շեշտում եմ` պահանջում: Իմ կարծիքով` իրենք կարող են միայն առաջարկել, ես կամ կընդունեմ, կամ` ոչ: Միգուցե ես իմ վերնազգեստի տակից ոչինչ չեմ հագել, կամ միգուցե էդ վերանազգեստ շատ կարեւոր բաղկացուցիչն է իմ ընդհանուր արտաքին տեսքի:

Չէ, իսկապես կա՞՞՞ տրամաբանություն:

Տխրեցի, որովհետեւ չէր լացում ֆիզիկական ցավից, չէր լացում, որովհետեւ ահագին փող էր ծախսելու: Լացում էր, որովհետեւ որպես կին տրորված էր արդեն: Ու դեռ մի մատ երեխա էր:

Էսօր եղբորս հետ գնացել էինք լազերային կոսմետոլգիայի կենտրոն` նրա դաջվածքը մաքրելու համար: Մինչ ինքը բժշկի մոտ էր, ես ընդունարանում նստածների հետ «ինտերվյու» էի անում:

Աջ կողմումս մի տղամարդ իր տասնյոթ-տասնութ տարեկան տղային էր բերել: Եկել էր խորհրդակցելու, թե դաջվածքը վերջնականպես կմաքրվի՞, թե՞ ոչ: Ես նայում էի այդ տղայի ամբողջ երկայնքով ու լայնքով նախշված թեւին ու հաշվում, թե ինչքա~ն փող են ծախսելու: Վերջնական արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է մինչեւ քսան սեանս անցնել: Իսկ ամեն մի սեանսը հաշվվում է ըստ տատուի չափսերի: Մեր դեպքում յոթ սանիտմետր երկարություն ունեցող ու չորս սանտիմետր լայնք ունեցող տատուն արժի տասնյոթ հազար դրամ: Իսկ այդ տղայինը, հավանաբար, մի սեանսը առնվազն երկու հարյուր հազար դրամ էր կազմելու: Մի խոսքով` իսկական թալան:

Ձախ կողմումս մայր ու աղջիկ էին նստած: Մտածում էի, թե երեւի էպիլյացիայի կամ էլ այլ խնդրով էին եկել: Ապշեցի, որ իմացա` իրենք էլ էին դաշվածը մաքրելու համար եկել: Մայրը բողոքում էր, թե դեռահաս են, թաքուն ծնողներից անուն եմ ու իրենց էլ կրակը գցում: Ծանոթ թեմա էր, մեր գլխին էլ է նույնը եկել:

Եղբայրս բժշկի սենյակից դուրս եկավ: Էդ աղջիկը/ հազիվ մի քսան տարեկան լիներ/, մոտեցավ, հարցրեց, թե ցավում է: Մի քանի բառ փոխանակելուց հետո հարցրի, թե որտեղի՞ց են եկել, որովհետեւ բարբառով էր խոսում: Ասաց` Մեղրիից:

-Էդքան հեռվից եկել-հասել եք էստեղ դրա համար:
-Հա, դեռ քսան օրը մեկ էլ գալու ենք մինչեւ մաքրվելը:
-Բա ախր ինչի՞ համար արեցիր, է~, էդ տատուն:
-Դե միշտ ուզում էի տատու ունենալ: Համ էլ չգիտեի, որ դա վատ բան ա, որ դրանով շատ բանա որոշվում...- աչքերը լցվեցին, չշարունակեց:

Խեղճ երեխա: Ձայնի երանգը, իր աչքերը, մոր հայացքը ասում էին, որ ինչ-որ մեկի համար այդ դաջվածքով շատ բան էր որոշվել: Խոսքը տղայի մասին էր: Չէ, նույնիսկ կասկած չկար, որ մի տղա, ով իբրեւ թե սիրել է նրան, տեսել է դաջվածքը, որոշել, որ...

Տխրեցի... չէ, հաստատ ոչ իմ եղբորը, ոչ էլ էն մյուս տղային բարոյապես չեն ճնշել, չեն ճնշի, ոչ էլ կսպառնան, թե աղջիկ չեն տա, ինչ է թե դաջվածք ունի: Մտածում են, որ դե հիմա երեխա է եղել, հիմարություն է արել:

Իսկ էդ էրեխուն արդեն որպես կին տրորել էին:

Էս օրերին բոլորը հանկարծ սկսեցին խոսել մեր` ռուսներին քծնելու, ռուսի ստրուկն ու «հարճը» լինելու մասին: Քաղաքականությունը մի կողմ, Մեդվեդեւի գլուխը` քարը: Ինձ որ առանձնապես չի մտահոգել/ոգեւորել իր ՀՀ գալ-գնալը:

Ուղղակի մի բան մտածեցի. ամեն մեկն իր համար թող հաշվի, թե իր լեկսիկոնում քանի ռուսերեն բառ է օգտագործում: Ու դա օգտագործում է «հայերեն» խոսելիս, հայերի հետ շփվելիս: Ու օգտագործում է էնպիսի բառեր, որոնց հայերեն համարժեքները ոչ միայն կան, այլեւ շատ ավելի հեշտ է արտաբերելը, ավելի սիրուն է, ու վաղուց էլ լեզվի բոլոր ոճերում կիրառելի է:

Չգիտեմ, ում մոտ ոնց, բայց ինձ մոտ միշտ կանաչի ծախողի տպավորություն են թողնում էն մարդիկ, ովքեր սուրոգատ ռուսերեն բառեր են օգտագործում` վոբշըմ, խալադելնիկ, ... /մնացածն ինձնից շատ լավ գիտեք/:

Ու էս ամեն ինչը վկայում է այն մասին, որ ռուսի ճորտն ենք եղել ու որոշակիորեն էլ մնում ենք:

Ուղղակի պետք է ազատվել էն թյուր կարծրատիպից, թե ռուսերեն երկու-երեք բառ, մի քանի հայհոյանք ու ու մի երկու ասացվածք օգտագործելով ռուսերեն իմանցող ենք դառնում:

Ամոթ Ա

 Մի որոշ ժամանակ առաջ ինձ շատ շտապ պլաստիկ վիրաբույժ էր պետք: Փնտրտուքներս նախ սկսեցի ինտերնետում, որքան էլ տարօրինակ չէ: Մի կայք գտա doctors.am, դուրս շատ եկավ` բոլոր կամ էլ հայտնի, երևելի պլաստիկ վիրաբույժների անուն-ազգանունները, աշխատավայրը, հեռախոսի հասցեն ու էլփոստի հասցեները գրված էին:

Ուրախացա ու երկար-բարակ ուսումնասիրելուց հետո մի քանիսին նամակ գրեցի. հարցնում էի, թե արդյո՞ք տվյալ տիպի վիրահատությունն անում են, թե՞`ոչ, հետվիրահատական հետեւանքներ, վիրահատության գին եւ այլն:

Իհարկե, մենակ էլ. փոստի հույսին մնալն առնվազն հիմարություն կլիներ, դրա համար էլ զուգահեռ դրան նաեւ օֆլայն հետազոտական աշխատանքներ էի կատարում:

Ես արդեն ինչ պետք էր պարզել էի, գործը գլուխ էի բերել, բայց ոչ մի պատասխան որեւէ վիրաբույժից չկար: Մտածում ես` այ մարդ, զբաղված ժողովուրդ են էս վիրաբույժները, բանուգործ թողած հո քո նամակին չեն պատասխանելու:

Ու մեկ էլ մի քանի օր առաջ մի հատ նամակ եմ ստանում от Арсена Погосовича` հետեւյալ բովանդակությամբ. «Здравствуйте. Я не смог ответить на Ваше письмо так как фонт не показывал буквы. Пожалуйста напишите на латинице или русскими буквами. Или позвоните на номер........ С уважением А. М.» /մի քիչ խմբագրել եմ, որ գովազդ չլինի/:

Բացի էն, որ ինձ մոտ այլանդակ հակակրանք են առաջացնում ռուսախոս, իրենց անուն-հայրանունով դիմող մարդիկ, նայում եմ, տեսնում, որ մարդու հասցեն mail.ru-ում է, ասելու էլ բան չի մնում:
...
Հատկապես վերջին շրջանում շատ եմ զգում թե ոնց մեկ-մեկ լեզու չեն գտնում ինտերնետում սոցիալականացված ու չսոցիալականացված մարդիկ: Ես դեռ շատ էլ ինձ ինտերնետիկուս չեմ համարում, չնայած զգում եմ, որ ով ինչից խոսում է, առաջին հերթին մտքիս Գուգըլն է գալիս, հետո Ֆեյսբուքը, հետո ...

Ու կան էլ մարդիկ, որոնց համար ավելի հեշտ է հազար ծանոթի ծանոթի ծանոթի զանգելը, հազար դուռ թակելը, վազվզելը, քան թե հանգիստ տանը նստած ինտերնետի միջոցով ուզածդ իմանալը, ճշտելը: Բայց քանի որ գործդ կախված է նման մարդկանցից, ուզած-չուզած դու էլ սկսում վազվել ու դռնեդուռ ընկել: Ուհ...

 Մի քանի շաբաթ շարունակ Լայսթենի լուսանկարներից մեկն էի ինտերնետում ման գալիս. աճուրդային նախնական գները մահացու աստղաբաշխական էին, իսկ անվճար տեղադրածներն էլ դե հասկանալի է, որ շատ-շատ վատն էին:

Բայց որ մի բան ուղեղս է մտնում, կպչում-մնում է, դուրս չի գալիս: Մի սիրուն օր էդ նկարը տեսնում եմ «Արվեստի աշխարհ» խանութում, որը ոնց հասկացել եմ միակն է, որ լուսանկարներ էլ է վաճառում: (Իսկ եթե միակը չի, խնդրում եմ տեղյակ պահեք :)

Պատվիրում եմ, որ էդ նկարը ավելի փոքր չափսով հանեն ինձ համար: Մի տղա` խանութի տերը, ինչպես հասկացա, քիթ-մռութով համաձայնվում է, թե հա կանենք: Այ որ տենց դեմքեր են ընդունում, միանգամից դուրս եմ գալիս` որտեղ էլ որ լինում եմ: Բայց էդ պահին... իսկականից զգացի էլի, թե ինչքան թանկ էր էդ նկարն ինձ համար, ձայն չհանեցի: «Ձվածեղի համար թավի պոչը պաչում են»:

Երկու օր հետո զանգում են, թե եկեք, վերցրեք, պատրաստ է արդեն: Գնում եմ, հեռվից նկարս տեսնում եմ, սիրտս ուրախությունից դողում է: Ձեռքս եմ վերցնում, ու ինչ լավ երազ, պատկերացում, ուրախություն, ու էլ չգիտեմ` ինչ կար, գլխիս փուլ են գալիս:

Առաջին հերթին նկատում եմ, որ իսկական նկարի տակ գրված է հեղինակի անունը, իսկ էս նկարում չկա. արյունը գլխիս է խփում: Էդ արդեն իսկ նշանակում է, որ օրիգինալ ֆայլից չեն տպել:

Նկարը շրջում եմ, տեսնում եմ հետեւը բան չկա գրած (պիտի որ հեղինակի անունը գրված-կպցված լինի): Աշխատողին հարցնում եմ.

-Ինչու՞ հեղինակի անունը չեք գրել:

Ու մի էնքան օրիգինալ պատասխան եմ լսում, որ քիչ է մնում ընկնավորվեմ: Գրիչը ձեռքս է տալիս.

-Հեսա, Դուք գրեք հետեւում:

Այսինքն` իր կարճ խելքով ես էնքան ապուշ եմ, որ չգիտեմ ինչ նկար եմ պատվիրել, հեղինակն էլ ով է, ու պիտի օրիգինալից նստեմ արտագրեմ:

Մի լավ վրդովվում եմ, բացատրում եմ, որ կարգն էդպես չի... Բայց դե ամեն ինչ քաղաքավարության սահմաններում:

Նկարը մի քիչ էլ եմ շուռումուռ տալիս, զգում եմ, որ վրայի ապակին շխկշխկում է` էն աստիճանի թույլ են վրան գցել. մի քիչ ուշադիր լինելուց հետո էլ տեսնում եմ, որ պասպարտուն հեչ բանի պետք չի, ոնց որ սովորական վատմանի թուղթ:

Ասում եմ, որ դեռ թող մնա իրանց մոտ, մինչեւ խանութի փակվելը կորոշեմ` ինչ անել: Դուրս եմ գալիս էն աստիճանի հիասթափված ու կոտրված, որ ուզում եմ լացել, լացս չի գալիս:

Ու մտատանջությունների մեջ կոտորվում եմ` վերցնեմ, չվերցնեմ. շատ եմ ուզում, բայց սիրտս կախ է: Ու մտածում եմ.

«Այ մարդ, փող եմ տալիս, որ ոչ օրիգինալը առնե՞մ. էն էլ էսքան փնթի սարքած». ու հաստատ որոշեցի, որ էշ լինելու հեչ հավես չունեմ:

HOMO INTERNETICUS


«50 մլն լսարան ապահովելու համար ռադիոյից պահանջվել է 38, հեռուստատեսությունից՝ 13, ինտերնետից՝ 4, iPod-ից՝ 3 տարի, իսկ ահա Facebook սոցիալական կայքից պահանջվել է ընդամենը 9 ամիս 100 մլն լսարան ապահովելու համար, իսկ ներկայում այն 400 մլն-ից ավել օգտատեր ունի և փաստորեն, եթե պետություն լիներ, ապա կլիներ աշխարհում երրորդը։ Բերված վիճակագրությունը փաստում է մի բան. այսօր ինտերնետն ինտենսիվ կերպով մտնում է մարդկանց կյանք և դառնում հասարակության հիմնական շարժիչ ուժը։ Հասարակությունը դառնում է վիրտուալ, իսկ բիզնեսն ու տնտեսությունը չեն կարող հաշվի չնստել դրա հետ։ Ինտերնետի և հատկապես դրա մասը կազմող սոցիալական ցանցերի շնորհիվ այժմ արդեն ոչ թե մենք ենք փնտրում նորություններ, այլ նորություններն են փնտրում մեզ։ Մոտ ապագայում նույն ձևով ոչ թե մենք ենք փնտրելու մեզ անհրաժեշտ ապրանքներն ու ծառայությունները, այլ դրանք են գտնելու մեզ»։

Շարունակությունը`

http://madoyan.net/?p=188#more-188

Համբուրելու մասին


[info]madhab -ի մոտ կարդացի ծանոթացնելու եւ ձեռք սեմելու էթիկայի մասին ու հիշեցի իմ ամենամեծ ԴԱՐԴԸ:

Հավաքված է լիքը մարդ /դե տասը, տասից ավելի/, ու նրանց մի մասի հետ շատ մետրիմ ես, մի մասին վերաբերվում ես նորմալ, մի մասին էլ չես համակրում: Ու շատ տարածված սովորություն է, որ ամեն նոր եկածը հերթով բոլորին պաչելով գնում է: Բայց, գրողը տանի,  ի՞նչ է պետք անել, եթե քսան հոգու հերթով պաչելու ծեսը չես ուզում դու էլ անել:

ա/ Տգեղ է, չէ՞, երեւի, մենակ մի երկուսին համբուրելը:
բ/ Տգեղ է, չէ՞ ոչ մեկին առհասարակ չհամբուրելը, եթե նախօրոք բոլորը համբուրել են:

Լավ, բա Ի՞ՆՉ անել:


Tags:

No comment


 
Մենակ ասեմ, որ տեսել եմ Կոմիտասի փողոցի վրա /շուկայի դիմաց/ հագուստի խանութի մուտքի մոտ:

Tags:

Ես ու ընթերցողներս :)


Հազարից մեկ խմբագրությունում հեռախոսին եմ մոտենում ու ամեն անգամ մի հավես պատմություն է ստացվում: Էսօր մի կին էր զանգել.

-Աղջիկ ջան, կասե՞ս` էսօր անձրեւ գալու է, թե՞` չէ:
Ականջներիս չհավատացի, մտածեցի, թե կատակ են անում, բայց դե ձայնը դեռահասի չէր, ասացի.
-Երեւի սխալվել եք:
-«Երկիր» թերթը չի՞:
Ես ավելի ապշեցի, որ մարդը հենց զանգել է մեզ` եղանակն իմանալու:
-Հա, ճիշտ եք, բայց փորձեք «Մետեո ՏՎ» զանգել կամ էլ հեռուստատեսությամբ լսեք:
-Չէ, աղջիկ ջան, ժամանակ չունեմ: Խնդրում եմ էլի , մի հատ ձեր ինտերնետից էդ տվյալը հանեք, ասեք ինձ:
Ես, իհարկե, ծիծաղս զսպեցի, գնացի, «մեր ինտերնետից տվյալները հանեցի», տվեցի իրեն :)

DeePPurple-ային


Համերգի ժամանակ մենք մի կողմից էինք տժժժժժում, մյուս կողմից էլ մի ուրիշ խմբով ջահելներ էին. իսկ մեր մեջտեղում մի խելոք տղա էր նստած` մեն-մենակ, ոչ գվվում էր, ոչ բվվում, տեղ-տեղ գլուխն էր տմբտմբացնում: Ճիշտն ասած` մեղքս էլ էր գալիս. էս ոտքի վրա էի, ինձ համար շարժվելու տեղը նույնիսկ շատ քիչ էր, իսկ ինքը... Ինձ թվում էր, թե կաշկանդվում էր, չէր վայելում... Բայց վերջի երկու երգի ժամանակ, երբ որ ամբողջ դահլիճն էր «օդում», էս տղեն էլ հանկարծ միանգամից ոգեւորվեց, տեղից վեր թռավ, սկսեց շարժվել. մեկ էլ զգացի, որ ոտքերս է արդեն տրորում մի լավ, հավեսով: Հոոոոոոոոոոոպ, ապեր ջան :)))

Հավես էր. ջահելական ներվ կար մեջները, ու ի~նչ ջահել պապիկ էր Գիլանը: Առաջին դեպքն էր կյանքումս, երբ որ համերգի էի գնացել ու հաճույք էի զգում ամեն ինչից, բացի երաժշտությունից: Էդ համերգ էր, որտեղ ամենավերջի բանը, որ պիտի հաճույք պատճառեր, երաժշտությունն էր: Երեւի, ես միակը չեմ, ով վայելում էր Փարփըլի փառքը, հեղինակությունը...

Շատ էի սպասել էս համերգին` հունվարից:

Մի բաժակ էսպրեսո


Մանկությանս ընկերը  շատ երկար տարիներ Իսպանիայում ապրելուց հետո Հայաստան էր եկել: Հանդիպեցինք, մի քիչ քայլելեցինք, հետո «Ջազվե» մտանք:  Հենց դռան մուտքի մոտ  մի կիսագրագետ աղջիկ /հավանաբար` մենեջերը/ առաջներս կտրեց. «Սեղան ե՞ք պատվիրել, թե՞ ինչ-որ մեկի հետ եք պայմանավորված»: Ասացինք` ոչ պայմանվորված ենք, ոչ էլ սեղան ենք պատվիրել: Էդ աղջիկն էլ միանգամից կարճ կտրեց. «Ազատ տեղ չկա»` առանց ներողության, առանց քաղաքավարի ինչ-որ ժեստի: Ու սա էն դեպքում, որ տոնական օր էլ չէր, որ հաճախորդներն իրար գլուխ ջարդեին` սրճարան գտնելու համար:

Ընկերս ասաց, թե որ ուշադիր նայեն, ազատ տեղ կգտնեն, ու պինդ-պինդ կանգնել է: Ես էլ մի ապուշ վիճակում եմ հայտնվել, էս կոտոշավոր ընկերոջս չեմ կարողանում համոզել, թե արի դուրս գանք, քաղաքում ինչն է շատ` սրճարանը: Էդ աղջիկն էլ թիկնապահի պես մուտքն է պահում, որ առաջ չգնանք: Բայց վերջը բարի գտնվեց գլուխը թեքեց, տեսավ, որ երկու սեղան ազատ է.

-Վայ, չէի տեսել,- համարյա թե մունաթով ասաց ու ձեռքով սեղանները ցույց տվեց, թե իբր գնացեք նստեք:

Ու էս ընկերս, որ Հայաստան մտած-չմտած մինչեւ հոգու խորքը հիսաթափվել էր մեր երկրից ու մեզնից, ավելի դեպրեսիվ վիճակի մեջ ընկավ. «էս երկիրը մարդասիրական չի, մարդակերական ա»:

Հերթը հասավ մի բան պատվիրելուն: Ես չեմ հիշում ինչ ուզեցի, ինքը պատվիրեց. «Ինձ էսպրեսո բերեք. ջուրն էլ կբերեք»: Մի քիչ հետո բերեցին էսպրեսոն ու մի շիշ «Բյուրեղ»: Արդեն ծիծաղը եկավ, բացատրեց, որ իրենց Իսպանիայում հասկանում են, որ էսպրեսոյի հետ անպայման բաժակով ջուրն էլ պիտի տան, որ էդ թունդ սուրճը խմելուց հետո էդ ջուրը խմեն, որ սրտին շատ վնաս չլինի:

Չգիտեմ ինչը ոնց, բայց մեզ մոտ լավ տարածում ունի հաճախորդի վրա թքած ունենալը` տարբեր ոլորտներում:

Ուղեղի անտերություն


Ջղայնացած եմ: Ու պատճառն էլ իսկական ապուշություն է, բայց դե հոգուս վրա հասավ:

Էսօր գնացել եմ ասուլիսի, ծանոթներիցս մեկը տեսավ, հարցրեց. «Իա, էս դու ֆեյսբուքից դուրս էլ ե՞ս գալիս` գործի գալիս»: Նորմալ պատասխանեցի, բայց կատաղությունից մեջս մի լավ եփ եկա:

Հակառակի պես էս նույն թեման մի երկու անգամ էլ բացվեց օրվա մեջ ու արդեն չդիմացա. չէ բայց ու՞մ ի՞նչ գործ, թե ես ինչով եմ զբաղվում ու ինչքան ժամանակ: Ու էս մասին խոսում են էն մարդիկ, որոնց էս տարվա մեջ երեւի երկու անգամ էլ չեմ տեսնում, բարեւ տալիս, ու առհասարակ էնքան հին են, որ հազիվ եմ հիշում:

Կամ էլ երեկոյան մեկ էլ հայտնվում են. «Աղջիկ ջան, ինչի՞ քնած չես»: Ու արդեն սկսել եմ չկողմնորոշվել` շարունակեմ մնալ դաստիարակված ու մի կլասիկ ապուշ բան պատասխանել, թե ուղղակի երեսին շպացնել, թե իսկ դու ո՞վ էիր, ի՞նչ կապ ունես ինձ, ու քեզ ի՞նչ` քնած եմ, թե քնած չեմ:

Վերջապես կարելի է էդ անտեր ուղեղը միացնել ու հասկանալ` ում ինչ հարց են տալիս, ինչ պարբերականությամբ ու թե ասածները իմաստ ունի, թե չէ:

Ուղղակի


Մեկ-մեկ անկեղծորեն չեմ հասկանում, թե հայ տղեքի ռաբիս լինելուց ինչի են բողոքում հենց էն աղջիկները, ովքեր, մի օր տեսնում ես, որ իրենց նկարագրած մի ռաբիսի թեւը մտած կամ ձեռքը բռնած պտտվում են ամբողջ քաղաքով մեկ?:

Ու մեկ էլ չեմ հասկանում, թե ոնց կարելի է  բռնել մեկի ձեռքը կամ առհասարակ կանգնել էնպիսի մեկի կողքին, ով սիգարետը ծխում է, մնացուկը գցում ոտքերի տակ կամ շպրտում գազոնների մեջ, կամ կողքովդ քայլելուց րոպեն մեկ ուղտի պես թքում է կամ էլ ուրիշ անշնորհքություն է անում:

Ու էս դեպքերում հաստատ մեղքի մի զգալի բաժինը նրա կողքին կանգնած աղջկանն է:

Գրողը տանի, աչքդ ուր գցում ես, Եվրատեսիլից են խոսում: Չեմ հասկանում, թե էս ով էր պարապ մնացել կամ էլ ում փողերն էին ավելցուկ տալիս, որ էս ժողովրդի բեյնը նոր բան գցեց:

Ու դեռ էսօրվա եղածը, փաստորեն, նախընտրական փուլն է, հետո չգիտեմ էլ` ինչ փուլեր են լինելու, բայց որ ահագին ձանձրալի են անցնելու էդ օրերը, հաստատ է:

Տուն մտա ու իմացա, որ հաղթել է Եվա Ռիվասը: Դե հա ապրի ինքը: Բան չունեմ ասելու, շատ լավ է երգում: Բայց "Թամամ աշխարհը", որով ինքը գրավեց հայությանը, հազար անգամ ավելի լավ երգում էր Ռիմա Սարիբեկյանը:

Ու մի քանի օր առաջ փորձեցի YouTube-ում գտնել նրա կատարումը, բայց պարզեցի, որ առհասարակ Ռիմա Սարիբեկյանը գոյություն չունի էդ կայքում:

Ափսոս:

Կյանքիս երկու անշունչ ընկերներիցս մեկը ձայնագրիչս է: Ընտանիքիս բարի կամքով ես ձայնագրիչ ունենալու հաճույքը զգացի մինչեւ մասնագետ դառնալս: Հենց առաջին կուրսի առաջին կիսամյակի կեսերին պապայի հետ գնացինք ու ինձ համար էն ժամանակի ամենալավ ձայնագրիչներից մեկը առանք:  Կուրսում մատների վրա հաշված մարդիկ ունեին ձայնագրիչ, ու դրանց թվին ես էլ ավելացա:

Դե սկզբում ուղղակի փայլ էր տալիս իմ չմասնագիտական կյանքին, հետո արդեն սկսեցի իսկապես օգտագործել ու իր պետքը զգալ ավելի հաճախակի: Ու ժամանակի ընթացքում, գրողը տանի, ոնց սիրեցի, ախր ոնց սիրեցի իրեն, չեք պատկերացնի:

Ու էս վերջերս, երբ դեպրեսիայի մեջ ընկած չգիտեմ` ինչ արագությամբ աշխատել, որ համ կարողանամ բոլոր պարտականություններս հասցնեմ կատարել, մյուս կողմից էլ քիչ-միչ փող աշխատեմ` <կյանքս բարելավելու> համար, հանկարծ էս ընկերս հրաժարվում է կարգին գործ անել:

Խմբագրությունում նստած գործ եմ անում, մեկ էլ պլեյի կոճակը սկսում է նորմալ չաշխատել: Ուզում ես ջղայնացի, ուզում ես լացի, ուզում ես թեկուզ պատին խփի, չէ, չի աշխատում: Մտքիս մեջ անկեղծորեն խնդրեցի, որ գոնե էդ պահին ինձ խայտառակ չաներ, գոնե էդ օրը: Ու իմ շատ թասիբով ընկերը սկսեց աշխատել: Եկա տուն, ուզում էի էլի գործ անել, բայց կամակորությունը բռնեց: Ու էսպես արդեն քանի օր է, խելոքս խմբագրությունում սուսուփուս գործ է անում, բայց տանը մարդավարի հանգստանում է:

Բողոքելու տեղ երեւի չունեմ, արդեն թոշակի գնալու ժամանակն էր երեւի, բայց դե մեկ է` յոթ տարվա ընկերները նեղ պահին չեն դավաճանում:

Է~


Չեմ հասկանում, թե մարդիկ ինչ սրտով են ծիծաղում Վարդան Պետրոսյանի ներկայացումների ժամանակ: Էդ աստիճանի ուժեղ սարկազմի, որ մինչեւ հոգուդ խորքը հասնում է, ես դեռ չեմ հանդիպել: Չէ, իսկապես որ առաջին վայրկյանին բերանդ բացում ու լիաթոք ծիծաղում ես, բայց վայ էդ ծիծաղիդ, սիրտդ մղկտում է իրականում:

Էսօր հեռուստատեսությամբ նրա ներկայացումներից մեկը նայեցի կեսից: Տարածաշրջանում կատարվող քաղաքական խաղերն ու հայոց պատմության "լուսավոր" կետերը ներկայացնելուց հետո, առաջարկում է ղեկը տալ գեղեցիկ հայ կանանց, որովհետեւ "գեղեցիկ կնոջ ձեռքից վառված խորովածն էլ են ուտում", իսկ մեր հայ կանայք ախր շատ գեղեցիկ են:

Ամեն ինչ մի կողմ, մի քանի արտահայտություն լսեցի, որ մինչեւ հոգուս խորքը ցնցեցին ինձ:
  • Ազգովի կանացի ենք դառնում:
  • Հայ կանայք տղամարդուն անկողնում պահելու միջոցը գտել են` ննջասենյակում հեռուստացույց են դնում:
Լացս է գալիս, երբ իմ համոզմունքների մասին լսում եմ նաեւ ուրիշներից:

Մեր հայ կանայք`
Չգնահատված, բայց ամենաթույն,
Ամենազիլ, ամենակայֆ, վկա Աստված:
Լինի կռիվ, թե սեր, լինի սխալ, թե ճիշտ
Մեր հայ կանայք մեզ հետ են միշտ:


Հ.Գ. Ու վերջում մի շատ լավ խոսք էլ ասաց. "հայ ժողովուրդ, մի վախեցիր օտար թշնամիներից, այլ վախեցիր քո այն զավակներից, ովքեր շահագործում էին բռնակալությունը, հիմա էլ շահագործում են անկախությունը":

Ձմեռային իմ տոները սկսվում են դեկտեմբերի վերջին: Նախ ամսի 29-ին նշում եմ ծնունդս, հետո արդեն Նոր Տարի, Սուրբ Ծնունդ, Հին Նոր տարի:

Երբ փոքր էի, ես իմ ծնունդով հանդերձ մարդկանց ոտի տակ էի ընկնում, խանգարում. դե նեղ պահին, երբ ընտանիքս կոտորվում էր Նոր տարվան պատրաստվելով, իսկական փորձանք էր մի խումբ մանր-մունր մարդկանց տուն կանչելը, տոն սարքելը եւ այլն: Մանկապարտեզն ու դպրոցն էլ էդ օրերին արդեն էլ չէին աշխատում, թե չէ մի տորթ ու մի քիչ անուշեղեն տանել-հյուրասիրելով հարցը հեշտ լուծվում էր:

Բայց դե մերոնք /ուտեմ ձեզ, միևնույնն է` ձեզ շատ եմ սիրում/ ինձ չնեղացնելու համար ամեն ինչ անում էին, որ տոնս չանտեսվեր: Պաշտոնապես ծնունդս նշում էին կամ դեկտեմբերի կեսերին /15-20 ընկած ժամանակահատվածում/ կամ էլ Նոր տարվա օրերին: Հենց դրա համար էլ չէի սիրում Նոր տարին, ո~նց չէի սիրում: Բարեկամները առաջին հերթին Նոր տարին էին շնորհավորում, հետո հիշում իմ տոնի մասին:

Բայց մեծանալուս զուգահեռ ստացվեց այնպես, որ ամեն տարի սկսեցի ավելի լավ նշել, քան նախորդ տարիներին: Դպրոցն ավարտելու վերջին ու ուսանողական առաջին տարիներին տոնս կազմակերպում ու իսկական զվարճանք էին սարքում էն շատ համով ու ամենալավ ընկերներս :) Գիտեմ, որ ինձ կարդում եք /չնայած բլոգ չունեք/, շատ եմ սիրում բոլորիդ, շատ-շատ-շատ: Միշտ երախտապարտ եմ լինելու ձեզ: Ինչ լավ էր, էդ մի հոգսից ազատել էիք ինձ:

Իսկ հիմա... Էդ հոգսը ես եմ հոգում, ու կարողանում եմ էդ օրը վայելել ինքս ինձ, իմ յուրօրինակությունը: Հասկանալ ու սիրել ինձ մինչեւ հոգուս խորքը: Ու շնորհակալ լինել Աստծուն, որ ինձ էսքան անուշ է ստեղծել, որ հաջողակ ու բախտավոր կյանք է տվել:

Հիմա էլ Ընտանիքը շարունակում է տոնս նշել նախկինի պես` կամ դեկտեմբերի կեսերին կամ էլ Նոր տարվա օրերին` էս մեկ: Գործընկերներս նռան գինով խմում են կենացս` երկու: Իսկ ես ազատ եմ` էդ օրը անել մտքիս եկածը, ու անում եմ /բնականաբար, ամենալավ ընկերների հետ/` էս էլ երեք: :))))))))

ՇՆՈՐՀԱԿԱԼՈւԹՅՈւՆ

Շուկայում


Տարվա մեջ երեւի երկու անգամ էլ չեմ շուկա մտնում, բայց էդ ամեն անգամը մի իսկական սթրես է արժենում: Ամեն կողմից կանչում են, ինչ-որ բան առաջարկում, մեկից խնձորի գինն ես հարցնում, մյուսը կողքից իր խնձորն է գովում, "քեզ համար" գին գցում:

Ամեն ինչ մի կողմ, ամենաարտասովորն ինձ համար առեւտրականների խոսելաոճն է: Վաղուց արդեն հաշտվել եմ, որ մեծ բեռնատարով կարտոֆիլ վաճառող քյավառցի տղերքը հետս "դու"-ով ու մի քիչ էլ կիսարհամարհական տոնով են խոսում, տեղ-տեղ էլ մունաթ գալիս, բռի-բռի բաներ ասում: Ու արդեն չեմ էլ սպասում, որ վերավաճառող քաղաքացիներն էլ հավեսով կիսափողոցայինաժարգոնային լեզվով չեն խոսալու: Բայց որ էսօր մեկին հարցրեցի, թե երբվանից ապրանքը կսկսի էժանանալ, ու լսեցի "Վայ քու ախպեր ջան, էս ինչ ես ասում" պատասխանը, աչքերս կլորացան,անկեղծորեն շփոթվեցի:

Չէ,չեմ ասում, թե ես լավն եմ, իրենք` չէ: Ուղղակի ուրիշ ենք, ընդամենը: Բայց լավն ենք բոլորս:

Tags:

Հատուկ ahousekeeper-ի համար


Մեջբերում եմ սեքսապաթոլոգ, հոգեթերապեւտ, Երեւանի պետական բժշկական համալսարանի դասախոս Մարատ Զաքարյանի խոսքը.

"...Դրա համար էլ մեզ մոտ ամուսնությունները չեն թույլատրվում մինչև 18 տարեկանը: Մինչև 18 տարեկան պատանու կամ աղջկա զարգացումը` թե’ հոգեկան, թե’ մարմնական, լրիվ չի ավարտվում: Իսկ ես ավելի շատ խորհուրդ կտայի, որպեսզի աղջիկներն ամուսնանային մոտավորապես 21-22 տարեկանում, իսկ տղաները` 24-26 տարեկանում: Դա ամուսնության ամենաօպտիմալ ժամանակն է, երբ օրգանիզմն արդեն լրիվ զարգացած, ձևավորված է, հոգեկան տեսակետից ևս ընտանիք կազմելու բոլոր հիմքերը կան: Դրանից բացի` այդ տարիքում մարդիկ ավելի առողջ են, ավելի լավ հետնորդներ` զավակներ, կունենան, քան թե 30-40 տարեկանում ամուսնացածները կամ 14-15 տարեկանում ամուսնացածները: Շատ հաճախ հարցնում են, թե ինչպե±ս էր, որ մեր տատիկները, պապիկները անցյալ դարի սկզբին ամուսնացել են 10-12 տարեկանում: Թումանյանի Մարոն 9 տարեկան չէ±ր: Հնարավոր է, որ հղիանան, եթե ինչ-որ չափով զարգացած է աղջկա օրգանիզմը: Բայց այդ հղիությունից լիարժեք երեխա չի ծնվի, հավատացե’ք: Եղել է, որ տատիկները 10-12 երեխա են բերել, բայց այդ 10-12-ից ընդամենը 2-3-ը կամ 4-5-ն են մնացել, մնացածը մահացել են: Մահացել են, որովհետև այն ժամանակ շատ էին տարածված ինֆեկցիոն հիվանդությունները` տիֆ, ժանտախտ և այլն: Դա մի կողմից, իսկ մյուս կողմից ոչ նորմալ երեխաներ էին ծնվում: Ծնվում էին արատավոր երեխաներ, որոնք 2-3 տարվա մեջ մահանում էին: Սա խոսում է այն մասին, որ մինչև տղամարդու սեռական զարգացումը չվերջանա, որովհետև սպերմատոզոիդները զարգացման այդ փուլում պետք է ի վիճակի լինեն բեղմնավորելու` նորմալ զավակ ունենալու համար, և աղջկա օրգանիզմը պետք է զարգանա այնպես, որ նա կարողանա այդ հղիությունը տանել, մեծ բարդություններ չառաջանան":

Պապա, դու գալիբո ես...


Վարսավիրանոցի սպասասրահում նստած ժուռնալ էի թերթում: Մատնահարդարս դեռ չկար, պայմանավորված ժամից շուտ էի գնացել: Կողքիս մի երիտասարդ կին նստեց: Մի քանի րոպե լուռ նստելուց հետո, սկսեցինք խոսել իրար հետ, ծանոթանալ, քիչ հետո` նույնիսկ մտերմանալ:

Իմացա, որ երկու երեխա ունի: Դաստիարակություն, կրթություն, ու նման բաներից էինք խոսում: Ասաց, թե երեխաներս մինչեւ վերջերս չգիտեին, թե "գոլուբոյը" ինչ է: Պատմեց, թե "Արմենիա" հեռուստատեսությամբ ցուցադրվող "Yere1" հաղորդումից հետո սկսել էին իրար "գալիբո" ասելով ման գալը, իսկ աղջիկը նույնիսկ հորը հարցնում էր. "Պապա, դու գալիբո ես": Ու մարդիկ ստիպված բացատրել են երեխաներին, որ պապան գալիբո լինել չի կարող, որովհետեւ...

Այս պատմածի վրա ես ահագին ծիծաղեցի, բայց իրականում ծիծաղելու բան էլ չկա: Էս ուր ենք հասել: Քիչ չի, որ երեխաները ազատ նստում - նայում են իրենց տարիքին ոչ համապատասխան հաղորդումներ, մի բան էլ նրանց երեւույթները ճիշտ բացատրելու խնդիր է առաջանում:

Առավոտյան մարզանք էի անում, մեկ էլ հեռախոսս զանգեց: Համարը փակ էր: Վերցնում եմ ու, Թաթան երգում է "Ամենալավը դու ես": Ու երգը չի անջատվում, ինչքան էլ ես մեջիցս ճղվում եմ` "ալո" ասելով:Ու էդպես մի երեք անգամ:Էդպես էլ չհասկացա` կատակ էր, թե ինձ սիրահարված մեկը: Ինչեւիցէ կարծում էի, թե արդեն բավականին մեծ եմ դեռահաս երկրպագուներ ունենալու համար:Բայց կարեւորը` տրամադրությունս բարձրացավ: Ու հավատացի, որ ես ամենալավն եմ:

Հոգուս հասավ...


Էսօր զուտ անձնական գործի բերումով օգտագործեցի լրագրող լինելուս հանգամանքը: Նախ ասեմ, որ միշտ նողկանք էի զգում բոլոր այն կոլեգաներիս հանդեպ, ովքեր տեղի-անտեղի ու ի լուր բոլորի հայտարարում են դա` գործն առաջ տանելու նպատակով:

Բայց էսօր հունից հանեցին: Պատմում եմ:

Մի քանի ամիս առաջ գրել էի, թե Ավ. Իսահակյանի անվան գրադարանում ինչ լավ էին ընդունել ինձ, թղթաբանություն-տարություն չկա, ու ... Քանի որ այլեւս ուսանող չեմ ու Երեւանի քաղաքացի նույնպես չեմ, մի քանի ամիս առաջ խնդրել էին տանել տեղեկանք աշխատավայրից ու աշխատանքային պայմանագիրս: Տարել էի: Հանգիստ-խաղաղ օգտվեցի մինչեւ հոկտմբերի վերջը: Բայց աշխատանքային պայմանագիրս վերջացավ ու նոր պայմանագիր կնքվեց: Ես էլ մի երկու օր առաջ թարմ-թարմ պայմանագիրը ձեռքիս գնում եմ գրադարան` ընթերցելու կարիքներս բավարարելու: Ու մեկ էլ հոպ...
Սպասարկման բաժնից ուղարկում են տնօրենի ընդունարան: Տնօրենի ընդունարանում մի կին դռան մոտից ինձ բացատրում է, թե նախ ինձ մոտ պիտի գաս ու ուղեկցում է փոխտնօրենների սենյակ: Դե գնացի: Պայմանագիրս նայեց, նայեց ու թե երկարացման ամսաթիվը ճիշտ տեղում չի գրված, պիտի նորից գրվի ու կնքվի:

Խելոք-խելոք հետ եկա, մեր հաշվապահին բացատրեցի ուզածս, մարդը համբերատար ամեն ինչ արեց: Ու էսօր պայմանագիրս ձեռքիս նորից գնացի գրադարան: Նախ սպասարկման բաժնի աշխատողը սկսեց չինովնիկություն անելը, թե մինչեւ քարտդ տալը, պայմանագիրդ ինձ ցույց տուր: Չդիմացա, սեւեռուն հայացքով նայեցի աչքերին ու ուղղակիորեն պահանջեցի, որ տար: Սուս-փուս հանեց, տվեց:

Գնացի փոխտնօրենի մոտ, քանի որ նախորդ անգամ ասել էր, թե ինձ մոտ նախ պիտի գաս, ես էլ լսող, օրենքը հարգող մարդու պես նրա սենյակ մտա: Ու ամենակատաղացնողն այն էր, որ պարզվեց այդ կինը բացարձակպես գլուխ չէր հանում գործից: Հարցնում է, թե աշխատավայրից բերված տեղեկանքդ ուր է: Պատասխանում եմ, որ արդեն վաղուց եմ դա բերել ու այլեւս չեք ուզել դրանից: Ասացի` չեմ հասկանում, թե իմաստը որն է նորից տեղեկանքի, եթե պայմանագիրը բերել եմ ու դա արդեն հերիք է: Ու շատ կտրուկ տոնով էի հետը խոսում: Եթե դրանից էլ էն կողմ խելոք լինեի, հազար տեղ վազել էին տալու: Էդ կինը ուզում էր թփրտալ, թե աղջիկ ջան, ինչպես ես խոսում, եւ այլն... Բայց էդտեղ դիմեցի շանատաժի` շատ նուրբ ձեւով հասկացնելով, որ լավ չեն աշխատում ու թս խնդիրը պետք է մամուլի միջոցով բարձրացնել: Ասելս ու սսկվելը մեկ եղավ:

Զանգեց, ինչ-որ մեկի հետ երկար-բարակ կոնսուլտացիա էր անում, թե իմ դեպքում ինչ պիտի անի, վերջը խնդրեց, որ գնայի տնօրենի ընդունարան: Այ էդտեղ ավելի ջղայնացա: Այսինքն` ինքը բացարձակ գլուխ չէր հանում գործից ու նախորդ անգամ անկապ տեղն էր ինձ իր մոտ քարշ տվել: Էնքան թերարժեքության բարդույթներ ունեն, որ մարդ են ման գալիս իրենց պուճուր-մուճուր պաշտոնի մասին տեղեկացնելու համար:

Տնօրենի ընդունարանում մի բարեհամբույր կին էր: Բայց ես էնքան ջղայնացած էի, որ հետը հազիվ էի խոսում: Մտավ տնօրենի սենյակ, տնօրենը մակագրեց, հարցը լուծվեց:

Հետո արդեն սպասարկման սրահում նորից տեսա փոխտնօրենին, ով վախեցած նայեց վրաս, հետո չգիտեմ` ինչ հայացքով նայեց սպասրկման սենյակի աշխատողին, որից հետո վերջինս էլ փափկեց ու ձեռքերս պաչելով սկսեց խոսել:

Ու էսքանից հետո մի բան հասկացա, որ Հայաստանում քիթ-մռութով, մունաթով գործն ավելի հեշտ է առաջ գնում, քան թե զսպվածությամբ ու քաղաքակիրթ լինելով: /Չնայած` սրա մասին միշտ էլ լսել էի, բայց կաշվիս վրա չէի զգացել/:
 


-Արա մորքուր ջան, ախպոր պես, յան տվեք էլի,- երթուղային վարորդը մի ծեր կնոջ, ով ուզում էր անվճար երթեւեկել:

Սիրահար զույգ.
աղջիկ- Պապադ քեզնից լավն ա:
տղա- Բայց դե պապան արդեն մամայինն ա:

Էսօր գրելու հավես ունեմ ու պատմել եմ ուզում...

Մի շաբաթ առաջ գործից դուրս էի եկել ու արագ-արագ բարձրանում էի Նալբանդյանով: Համարյա հասել էի Թումանյան խաչմերուկին, մեկ էլ մի շատ ուժեղ հարված զգացի ուսիս... ու մեկ էլ, չհասկացա ոնց, ինձ արդեն գետնին ընկած զգացի, վրաս էլ կարգին ծանրություն:

7-8-րդ դասարանի մի տղա հեծանիվ խփել էր ինձ հետեւից, գցել ու ինքն էլ ընկել վրաս: Արմունկով էլ խփել էր գլխիս: Մի պահ շշմել էի, ցավ չէի զգում, ու ոչ մի բան չէի հասկանում: Ուզում էի ոտքի կանգնել, չէր ստացվում, որովհետեւ երեխան ինձ վրա էր ընկել: Հեծանիվը մի լավ ցավեցրել էր նրա ոտքերը, չէր կարողանում կանգնել: 

Զինվորականի հագուստով մի մարդ օգնեց երկուսիս` ոտքի կանգնել: Երբ արդեն շորերներս էինք թափ տալիս, նույն մարդը հարցրեց, թե ինչ էր եղել: Տղան մի քիչ վախեցավ: Ես ասացի, որ ոչ մի բան էլ չի եղել, ծանոթ ենք ու ես իրեն շփոթեցրի, կատակ էինք անում, էդպես ստացվեց:

Էդպես ասացի, չնայած արդեն սկսել էի մի լավ ջղայնանալ էդ երեխայի վրա: Չնայած իմ ասել-չասելուց շատ բան չէր էլ փոխվելու երեւի. մարդը ոստիկան հո չէր: Բայց ինչ ճիշտ արեցի, որ կատաղությունս չարտահայտեցի: Վերջում պարզվեց, որ ախր շատ համով, շատ անմեղ ու շատ անուշ երեխա է: Էս ընթացքում ամեն օր ինքը զանգում է` հարցնում է, թե ոնց եմ, ես էլ իրեն եմ զանգում` հարցնում, թե ոնց է: Դպրոցական մի ընկեր էլ ունեցա: 

Ախպարահայության մասին


Երեկ մի քիչ ջղայանացել եմ մեր սփյուռքահայ մի քանի բարեկամի վրա: Ծիծեռնակաբերդից պիտի շատ արագ խմբագրություն հասնեի` նյութ տալու համար: Մոտեցա առաջին պատահած տաքսիին, որը թերեւս միակն էր էդ տեղում, ու մինչ դուռը կբացեի ու կհարցնեի` ազատ է, թե չէ, մյուս կողմից մի աղջիկ մոտեցավ, դուռը բացեց ու նստեց: Նրանք երեքով էին` մի երիտասարդ տղամարդ էր ու երկու կին: Տաքսու վարորդն ասաց, որ ինձ համար ուրիշ մեքենա կկանչի: Մյուս տաքսիստի հետ պայմանավորվեցին, որ ինձ ինքը պիտի տաներ մինչեւ համալիրի մոտ, ու էնտեղից ինձ այդ պատվիրված մեքենան վերցնելու էր:

Բայց դե ստացվեց էնպես, որ այն մյուս մենքենան չեկավ, ու վարորդն ասաց, որ իրենց կտանի Սարյանի "Արտաշի մոտ" խորովածանոցը, իսկ հետո ինձ` խմբագրություն: Ու էդ ամբողջ ճանապարհին նրանք խոսում էին կիսահայերեն - ֆրանսերեն /որքան հասկացա/: Այսինքն` որտեղ պետք էր, որ մենք հասկանայինք իրենց, խոսում էին մեր լեզվով, որտեղ չէ` չէ:

Ընդհանուր առմամբ` շատ վրդովված էին այս արձանգրությունների հետ կապված: Ասում էին` սփյուռքահայության համար նոր Հայաստան պիտի ստեղծեն, թե չէ հայաստանցիները` հեչ,  թքած ունեն իրենց վրա, իրենց հայ չեն համարում: Ես այդ պահին շատ խաղաղասիրական նկատառումներով միջամտեցի, ասացի, որ չէ, ինչ եք ասում` նման բան չկա, բոլորս էլ հայ ենք, ոչ մի հայաստանցի էդպես չի կարծում, չի մտածում:

Ու էդ իմ ասածի վրա կպան հայաստանցիներին: Թե իբր մենք թուրքական էժանագին ապրանքի սպառողներ ենք ու ընդհանրապես թքած ունենք ազգային խնդիրների վրա` սկսած Ցեղասպանությունից:

Այ էդտեղ ես հունից դուրս եկա: Է հասկացանք, որ իրենց դժգոհությունն ու բողոքն արդար է, բայց ինչ իրավունքով են մտածում, թե իրենք մեզնից լավ հայ են:

Էսօր գնացել էի Յան Գիլանի, Թոնի Այոմիի, Ջոուֆ Դաուսի, Փեթ Քեշի  ու... ասուլիսին: Առնվազն մի ժամից լրատվամիջոցներն արդեն ինֆորմացիան կտարածեն:

Բայց էդքանը հեչ: Ես նկարվել եմ Յան Գիլանի հետ: Մի մարդու, ով ինձ համար հեղինակություն է եղել դեռ մանկությունից:

Ու դա հրաշք էր` տեսնել, շփվել, շատ մոտիկ լինել էդ մարդուն: Իսկական բրիտանացի արիստոկրատ էր: Թերեւս կյանքիս ամենառոմանտիկ երազանքներից մեկը կատարվեց: 

Բաաաա

Էմոցիոնալ շոկ,



որի կարիքը զգում էի ու չէի զգացել նույնիսկ ամենաթունդ սիրահարված ժամանակ:

Ցնդելու բան էր: Ավագ ընկերս մի երկու օր առաջ նվիրեց "Muse" խմբի "Absolution Tour" 2004 թվի համերգի դիսկը:

Այ դա է համերգը: Թե չէ մնացածը հեչ: Ես դեռ կյանքում էդքան լավ համերգ չէի տեսել, առավել եւս` ներկա չեմ եղել: Ամբողջ գիշեր համերգով եմ տարված եղել, նախ երկու անգամ նայեցի, հետո արդեն երրորդ անգամի ժամանակ քնել էի, բայց երազներումս էի հետները:

Հա, ասեմ, որ մարդիկ ալտերնատիվ ռոք են նվագում/երգում: Վոկալիստին /Մեթյու Բելամի/ շաաաատ սիրեցի: Բացի էն, որ լավ է երգում, լավ էլ նվագում էր ստեղնաշարայինի վրա: Լորդից հետո դեռ ոչ մեկ էդքան դուրս չէր եկել:

Մի քանի բանի վրա ուշադրություն դարձրեցի.

1. Ինձ թվում էր արդեն վաղուց ջնջվել են էն կարծրատիպերը, թե ռոքերները /սրա տակ հասկացվում է ռոք լսող, ռոք սիրող, ռոք երաժիշտ/ փնթի, ճղճղված ջորերով, անլվա մազերով ու քանի կիլո երկաթ վրաներն են ման գալիս:

Բայց երեկ կիսածանոթ մի աղջիկ ասաց. "Դե ես սիրում եմ ***խմբին, որովհետեւ մենակ իրանք են գլուխները լվանում": Աբսուրդ բան է: Էսօր լափթոփս վերցրել եմ հետս, որ տանեմ ու էս համերգից ցույց տամ որոշ կադրեր, ապացուցեմ, որ ճիշտ չի:

Շատ էլ մաքուր, նորաոճ ու ստեղծված կարծրատիպերից դուրս հանգված տղաներ են: Բայց իհարկե օրինակը մենակ նրանք չեն: Ուղղակի թարմ են ուղեղիս մեջ:

2.Երեք մատենրով "պոզերի" կոմբինացիայի մասին: Բոլոր ռոք համերգներին անհնար է չտեսնել մի խումբ ջահելների, որ ձեռքերները օդում թափ են տալիս` մատները պոզեր սարքած:

Էդ համերգի ժամանակ հազվադեպ էին աչքովս նման ձեռքեր ընկնում: Ջահելությունը լաաավ էլ վայելում էր երաժշտությունը: 

Հա, էսքան բան:

Իսկ Մեթին ախր շատ սիրեցի:

 

Tags:



Արդեն երկու շաբաթ էլ չկա, ինչ դասերը սկսվել են, ու արդեն լիքը բողոքներ եմ լսում` դրամահավաքության հետ կապված:

 

Մի շրջան կար, որ Նախարարության խիստ հրամանները տեղ էին հասնում, փող չէի հավաքում:

 

Դե դա, իհարկե, Սպարտակ Սեյրանյանի շնորհիվ էր: Մարդը հասավ արդյունքի, բայց հիմա նորից բարձիթողի վիճակ է:



Գրում եմ պատմությանս երկրորդ մասը:

 Ես էդպես մտածմունքների մեջ էի` արթնացնեմ էս մարդուն, թե չէ, ու մեկ էլ հանկարծ մեքենան փչանում է: Ով կյանքում գոնե մի անգամ «111» համարի երթուղայինը նստել է, կիմանա, որ էդ մեքենաները կարող են փչանալ ամեն փոսի մեջ ընկնելու դեպքում:

 Վարորդը իջավ, մեքենայի առաջին մասը բացեց, նայեց, հետ եկավ, թե ժողովուրդ «մատոռը խփեց, իջեք, մի հինգ րոպեից մյուսը կգա»:

 Մարդիկ բոլորը սկսեցին իջնել: Ես էլ ուզած-չուզած սկսեցի արթնացնել ուսիս հենված քնածին: Էդ տղան աչքերը բացեց, նայեց ինձ, հետո կողքերը` դատարկ մեքենա, անծանոթ աղջիկ: Մի վայրկյան զարմացած, չհասկացող հայացքով նայեց ինձ, հետո արագ հարցրեց.

 -Էս «111՞»-ն է:

-Հա, ուղղակի մեքենան փչացել է, պիտի իջնենք: Թողեք անցնեմ:

 Ոտքերը մի կողմ քաշեց, անցա ու իջա մեքենայից: Քիչ հեռու կանգնած սպասում էի հաջորդ երթուղայինին, տեսա, որ դեպի ինձ էր գալիս: Մոտեցավ, սկսեց հազար անգամ ներողություն խնդրելը: Քունը գլխից անցել էր արդեն, ամեն ինչ հիշել-հասկացել էր ու մի քիչ շփոթված էր:

 Որպես «վնասի» փոխհատուցում որոշեց ինձ տուն ճանապարհել: Ասացի, որ դրա կարիքը բոլորվին չկա: Բայց չէ, պինդ կանգնել էր կողքիս ու չէր շարժվում: Մի քիչ հետո ասաց.

-Ծանոթանանք, իմ անունը Սուրեն է:

-Շատ ուրախ եմ,- կարճ կապեցի ես: Հաստատ էնպիսի տոնով ասացի, որ չէր համարձակվի անունս հարցնել:

 Մի յոթ-ութ րոպե հետո հաջորդ 111-ը եկավ, երկուսով նստեցինք: Ինձ մի տղա տեղ զիջեց, ես նստեցի մեքենայի վերջում, նա կանգնած մնաց. ամբողջ ժամանակ աչքը չէր կտրում ինձնից: Մի քիչ հետո տեղ ազատվեց, կարողացավ հետ գալ, ինձ ավելի մոտ կանգնել: Անընդհատ ուզում էր ինչ-որ բան ասել, բայց չէր ստացվում: Զգացի, որ չէ, պրծում չկա էդ մարդուց, հանեցի հեռախոսս, զանգեցի քուրիկիս ու շատ դեմոնստրատիվ կերպով խնդրեցի. «Պապային ասա, թող 5 րոպեից դուրս գա` ինձ դիմավորելու»:

 Էսքան բան: Մնացածն արդեն պարզ է, երեւի:
 



Արդեն սկսել եմ նորից ուշ տուն գնալ: Երեկ երթուղայինի մեջ մի տղա նստեց կողքիս: Ես,  սովորականի պես, հոգնած ու մի քիչ էլ անջատված պատուհանից դուրս էի նայում: Զգացի, որ կողինս ավելի հաճախակի  է կպչում ինձ: Նայեցի վրան. ննջում էր, ու մեքենայի ամեն շարժումից մի լավ օրօրվում: Մի քիչ հետո կամաց-կամաց սահեց, թիկունքով հենվեց թեւիս, գլուխը հետ գցեց, դրեց ուսիս: 

Ես, մեղմ ասած, անհարմար իրավիճակում էի հայտնվել: Չգիտեի` արթնացնեի, թե չէ: Մտածում էի` դե վերջիվերջո մարդ է, անուշ քնած է, միգուցե շատ հոգնած է: Ախր, մյուս կողմից էլ անծանոթ տղա, ինձ հենված քնած, աջուձախ լիքը մարդ:

Սպասում էի, որ մեքենան մի փոսի մեջ կընկնի ու շատ ուժեղ թափ կտա, կամ  նրա հեռախոսը կզանգի, կամ էլ, չգիտեմ ինչ, բայց մի բան կլինի, ու կարթնանա:

Հետաքրքիր է, թե դուք ինչ կանեիք, եթե նույն իրավիճակում հայտնվեիք: Ու ձեր կարծիքով ես ինչ արեցի?
 

Թմրամոլի տեղ է լ անցա


Մենք հայերս շատ ֆանտազյոր ենք:

Վերջին շրջանում գործի բերումով երեկոյան 9-ից շուտ տուն գնալ չէի կարողանում: Ու մի օր լավ անձրեւի տակ մնացի, մրսեցի:

Դե ասում են, չէ, աչքը տեսածից է վախենում: Հաջորդ օրը տաք հագնվեցի` երկարաթեւ բլուզ` հաստ օձիքով:

Երեկոյան ժամը 5-ի կողմերը դուրս եկա: Օրվա ամենատաք պահն էր: Ի զարմանս ինձ, շատերի ուշադրության կենտրոնում էի հայտնվում. մտածում էին կամ գիժ եմ, կամ էլ Սիբիրից եմ եկել:

Բայց էդքանը հեչ: Կոնսերվատորիայի դիմացի այգում նստած մարդ էի սպասում: Կողքի նստարանին երկու տղամարդ էին նստած: Կասկածամիտ հայացքով վրաս էին նայում: Երբ վեր կացա տեղիցս ու իրենց կողքով էի անցնում,  ականջիս հասավ հետեւյալ արտահայտությունը. "Հիմիկվա ջահելության մեջ էնքան շատ են նարկոմանները":

Համարյա համոզված եմ, որ խոսքն իմ մասին էր: Մի քանի տարի առաջ մեր ծանոթներից մեկի ենթադրությունն էլ էի լսել դրա մասին. եթե մեկի թեւերը փակ են ամռան թեժ շոգին, ուրեմն թմրամոլ է:

Կարոտել եմ ընկերոջս



 [info]iparika -ի հետ էի խոսում հենց նոր: Հիշեցի իմ ամենալավ ընկերոջը ու ահավոր շատ կարոտեցի:

Արմենը իր ամբողջ կյանքում սիրահարվում էր թմբլիկ աղջիկների: Մեկի հետ նույնիսկ քիչ էր մնում, որ ամուսնանար, բայց չստացվեց: Գնաց Փարիզ ու չանցավ մի քանի ամիս ուղարկեց նոր ընկերուհու նկարը: Ցնդելու աստիճան սիրուն աղջիկ` բարձրահասակ, երկար ոտքերով, նիհար, ու շատ աստղով:

Ժանեթը մոդել էր: Ամուսնանալուց անմիջապես հետո խեղճ աղջիկը ուզած-չուզած թողեց կարիերան: Արդեն, 5-6 տարի է, ինչ ամուսնացած են:






Երեկ խոսում էի նախկին հարեւանուհուս հետ, ով արդեն մոտ 20 տարի է, ինչ "50-ական" աղանդի հետեւորդներից է:

Ամռան ընթացքում իրենք գնում են Հանքավան հանգստանալու` "հոգեւոր ճամբար": Դրա մասին վաղուց գիտեի, բայց մի բան ասաց, որը չգիտեի ու լսելուց հետո զարմանքից աչքերս կլորացել էին:

Ասում էր, ամեն հերթին /տեւողությունը 10-15 օր/ մոտ 800000 մարդ է լինում:  Հինգ անգամ հարցրեցի 8, թե 800 հազար մարդ: Ու ինքն էլ հաստատեց, որ 800 հազար:

Մի քանի տարի առաջ, երբ ավելի մոտիկ  50-ական ընկերներ ունեի, գիտեի, որ այդ աղանդը այդքան հզոր ու հարուստ չէր: Իսկ հիմա...

Համ էլ ասաց, որ իրենց համար առանձին տաճար-հավաքատեղի են կառուցել: Մի խոսքով միտք ունեմ գնալու, աչքովս տեսնելու: 


Ուրբաթ օրը գնացել էի «Հայոց լեզու եւ գրականություն» առարկայի բանավոր քննությունը լուսաբանելու:

 

Ընդհանուր առմամաբ մառազմատիկ բաները գրեցի նյութիս մեջ, բայց մի բան չէի գրել ու չգիտեմ էլ` ինչի:

 

Հանձնաժողովի նախագահը պատմեց, որ դիմորդներից մեկի հարցը եղել է Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը», ու էդ երեխան «բացահայտումներ» է արել. Խորենացին նախ 8-րդ դարի պատմիչ է ու գրել է Ստալինյան բռնությունների մասին:




Մի քանի օր առաջ գործընկերներիցս մեկը անուն-ազգանունների մի ցուցակ ցույց տվեց: Ահագին ուրախացա: Սկզբում մտածեցի, թե հորինել է, հետո` հավատացի, որ իսկապես էդ անուններով մարդիկ իրական ու կենդանի  են:

1.Տանուտերյան Սկյուռիկ

2.Թխկլչյան Ծծաշատ

3.Նեմեցով Շիլլեր

4.Կլորյան  Շնորհիկ

5.Պտուկյանց Նաստել

6.Սուջյան Ցելեստինա

7.Շլորյան Գրաֆինգյուլ

8.Գրիգորյան Յուղաբեր   Վարդոյի

9.Մստոյան Գեղեցիկ  Բուլվերսիկի

10.Ղասաբյան Պտղունցիկ

11.Դնգզյան Մումինատ

12.Չոլոյան Տիտալ

13.Մսղեմցյանց Դերձուհի

14.Ծիվլիվյան  Անախաս

15.Բոզոյան Պայքար

16.Պսպզյան Գելիմ

Deep Purple



Բավականին վստահելի մարդուց լսել եմ, որ Deep Purple-ը սպետմբեր-հոկտեմբեր ամիսներին գալու է Հայաստան:

Ոչ ադեկվատ հոգեկան վիճակն ուղղակի մարդ է սպանում: Մի լավ, շատ-շատ հարազատ մարդ ես տեսնում, ու ուրախանալու փոխարեն, տրամադրությունդ փչանում է:

Փորձում ես խոսել ինքդ քեզ հետ, հասկանալ: Ու կարծես ստացվում է. ուրեմն պատճառ իսկապես կա: Վիճել պետք չէ. ամեն ինչ իր պատճառն ունի:

Չէ, բայց ամենատխուրն այն է, որ ջարդվում են համոզմունքներդ: Երբ վստահ ես, որ կա այդ մարդը, ով միայն հանգստություն, ուրախություն է բերում իր հետ, հանկարծ մի օր էլ ստացվում է հակառակը:

Հիշում ես, որ ընդամենը օրեր առաջ, նրա հեռախոսահամարը բջջայինիդ էկրանին տեսնելիս , ասել ես. "Կյանքը հեքիաթ է դառնում, երբ մի լավ բան է լինում":

Հիմա էլ կյանքը հեքիաթ է, բայց հոգիդ կարծես թանկ թավշի մեջ փաթաթած լինեն: Երջանիկ ես էլի, բայց ուրիշ երջանկություն ես ուզում: 

Հ.Գ. Սիրած մարդու մասին չեմ գրել, այլ շատ հարազատ ընկերոջ:


Երեկ շատ ուշադիր զննեցի Սերժ Սարգսյանի դեմքը (բնականաբար, հեռուստատեսությամբ` լուրերի ժամանակ), ու եկա այն եզրահանգմանը, որ նրան պլաստիկ վիրահատելն ուղղակի անհրաժեշտությունն է:

Եթե ես պլաստիկ վիրաբույժ լինեի ինքս կառաջարկեի վիրահատել աչքերի տակ գոյացած պարկիկները: Վերջիվերջո, մեր երկրի նախագահն է ու աշխարհում ներկայացնում է մեզնից յուրաքանչյուրին` եթե ոչ բոլոր հայերին, ապա գոնե ՀՀ քաղաքացիներիս` հաստատ:

 

Երեկվա անձրեւը


Երեկ անձրեւը ինչ նուրբ էր գալիս: Թվում էր` խնայում է ինչ-որ մեկին, ինչ-որ բան: Կարծես խիղճս էր ուզում մաքրել:





Պարզվում է` մենք էդքան էլ բյուրոկրատական երկրում չենք ապրում:

Ուզում եմ օգտվել Ավ. Իսահակյանի անվան գրադրանից: Քանի որ էլ ուսանող չեմ ու մայրաքաղաքի բնակիչ էլ չեմ, իրավունք էլ չունեմ օգտվելու էդ գրադրանից: Այսինքն` ունեմ միայն ընթերցասրահից օգտվելու իրավունք:

Բայց գիրք դուրս բերելու համար ինձնից ուզել էին աշխատանքային պայմանագրիս, անձնագրիս պատճեներն ու տեղեկանք աշխատավայրից:

Երեկ գնացի ու, պատկերացրեք, հաշված րոպեների ընթացքում գործը գլուխ բերեցին:
 
Իսկ իրավաբանն էլ, ով մակագրում էր փաստաթղթերս, բավականին բարեհամբույր էր: Զարմանալի բան է: Ախր, մի քի քանի տարի առաջ էդ գրադրան ոտք դնել չէր լինում: Սովետի թվից մնացած, կյանքից դժգոհ <մորքուրներ> էին նստած լինում, որ մարդ էին ման գալիս, մունաթ գալու համար:

Profile

[info]amiga_ga
amiga_ga

Latest Month

Февраль 2011
Вс Пн Вт Ср Чт Пт Сб
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728     

Page Summary

Syndicate

RSS Atom
Разработано LiveJournal.com
Designed by Akiko Kurono